Մանկություն

Բարև։ Ես Հերմինեն եմ’ Սոմայի մայրիկը։ Ծնվել եմ 1986թ.-ին’ Երևանում։ Մանկությունս անցել է Արամի փողոցի բակերից մեկում։ Բայց Արամի փողոցն իմ մանկության տարիներին այնպիսին չի եղել, ինչպիսին որ դու ես տեսել։ Այն ունեցել է այ էսպիսի տեսք ու կոչվել է Ցարսկայա փողոց, որովհետև այս փողոցում շատ շատ հին ժամանակներում ռուսական ցարերն են հավաքվել ժողովների ու կեցության տեղեր են ունեցել։

undefined

Իմ մանկության ժամանակ’ այս փողոցում հավաքվում էինք թաղի երեխաներով ու խաղում բակային խաղեր։ Մեզ փողոցից տուն բերելն ուղղակի անհնարին էր’ դրա համար ծնողները մեծ վարպետություն պետք է ունենային, օրինակ’ պետք է հմուտ թաքնվոցի խաղացող լինեին, որովհետև հենց տեսնում էինք որևէ մեկիս ծնողին’ մտնում էինք մեր թաքստոցներն ու լուռ սպասում էինք, մինչև ձանձրանային փնտրելուց ու հեռանային։

Իմ մանկությունը հեքիաթային է անցել ու ձևավորել է տեսակս, ճաշակս ու բնավորությունս հենց մեր բակը։ Այս բակում մենք ապրել ենք 15 ընտանիքով։

undefinedundefined

Հիմա այս բակ եկած ոչ մի նոր հարս’ չի սիրում բակը, քանի որ այն հին է։ Իսկ այն ժամանակ բոլորն էին սիրում բակն ու սիրով խնամում, հոգ էին տանում, միասին մաքրում ու ծառ տնկում, իսկ բակը լցվում էր մեր’ երեխաներիս մանկության ծիծաղով ու խաղերի ուրախությամբ։ Օրինակ նկարի ծիրանի ծառը, որն այն ժամանակ հաստաբուն ու երիտասարդ ծիրանենի էր’ Հայկուշ տատինն էր, ով թույլ չէր տալիս մոտենայինք իր ծառին ու ծիրան քաղեինք։ Բայց այ եթե որևէ լավ և օգտակար բան անեինք’ հաստատ կկարողանայինք ծառը բարձրանալ։ Հիշում եմ, երբ փոքր էի Հայկուշ տատը խնդրեց, որ սղոցեմ իր փայտը։ Ծիրանի համը զգալով անցա գործի։ Ճիշտ է արունլվիկ ոտքով գործից հետո մտա տուն ու մինչև հիմա սղոցի թողած սպիին նայելով Հայկուշ տատին եմ հիշում, բայց մեկ շաբաթ ծառը բարձրանալու բերկրանքը մոռացնում էր ցավս։

undefined

Տեսնում եք այս տան վրայի փոքրիկ տնակը։ Հիմա այն պատված է ծառի ճյուղերով, որովհետև երիտասարդները շաաաատ զբաղված են դարձել ու չեն հասցնում կտրտել, իսկ այն ժամանակ ամոթ էր բակը վատ տեսքի հասցնելը։ Այս տնակները, չնայած որ հոսանքալարերի ամրացման տեղն են ու շատ վտանգավոր, իմ մանկության գլխավոր հեքիաթից են։ Մենք երեխաներով մտնում էինք սրանց մեջ’ ամեն տան գլխին մեկ հատ կար այսպիսի տնակ։ Ոչ ոք չէր կարող մտնել հենց մերը, որովհետև պետք է իմանար մեր հորինած գաղտնաբառը։

Արամի այս բակն ուղղակի հրաշք էր’ բակում մեծ խնջույքներ էինք անում, գողանում էինք դրսում քնած պապաների հողաթափերն ու պահում, որ տեսնեինք ինչպես են առավոտյան մեկ ոտքի վրա թռչկոտում։ Խաղում էինք գործնագործ, որի ճիշտ տարբերակը պարզվեց բադերն ու որսորդներ է։

Իմ ընտանիքում’ 5 երեխա էինք, ես առաջնեկն եմ։

undefinedundefined

Նկարում դեռ չեն ծնվել իմ երկու քույրերը։

Մանկության ամենալավ հուշերի է նաև Փակ Շուկան։ Փակ Շուկայից առևտուր անելը մի ամբողջ արարողակարգ էր։ Մոտ 15 երեխաներով հավաքվում էինք և իմ գլխավորությամբ մտնում շուկա (դեռ փոքր տարիքից ձեռք էի բերել մեծահասակների վստահությունը’իրենց երեխաներին հետս տեղ տանելու և անվնաս վերադարձնելու) ։ Մտնում էինք շուկա ու սկսվում էր ճաշկերույթը։

Սկզբից սկսում էինք պանրի բաժնից’ չնայած մեզ պանիր չէին ասել գնեինք, բայց լուրջ դեմքով մոտենում էինք համտեսի, որ հասկանային արժե առնել, թե ոչ։ Պանիրն ուտելուց հետո անցնում էինք սուճուխ, բաստուրմայի բաժին։ Իսկ կշտանալուց հետո եզ էին սպասում չրերն ու մրգեղենը։ Մեզ թվում էր, թե խորամանկ երեխաներ էինք, իսկ այն ժամանակվա բարի գյուղացի առևտրականները ժպիտով սպասում էին’ մինչևկշտանայինք։ Շուկայից հետ վերադառնալն էլ ուներ իր արարողակարգը։ Նստում էինք տրամվայ’ չնայած մեկ կարճ կանգառին, ու երբ հասնում էինք մեր կանգառին’ դուրս էինք փախնում հետևի դռնից, առանց գումարը վճարելու։ Մենք ավելի ավազակ էինք քան դուք ձեր այժմյան մանկություն ով, բայց մեծահասակների էլ բարի էին ավելի ու ներող։ Իսկ ով չէր հասցնում դուրս թռնել տրամվայից’ մի լավ ծիծաղում էինք վրան։

Մանկության ամենագունավոր հուշերից է’ ընտանիքի ճամփորդությունները։ Ամեն շաբաթ, կիրակի, եթե չէինք կարողանում քաղաքից դուրս գնալ’ գնում էինք Հրազդանի կիրճ’ գետում լողալու։ Հարակից բակերի բոլոր Երևանցիներն էին այնտեղ ու գետի ափը վերածվում էր մեծ ու բազմամարդ խնջույքի։ Չէինք մոռանում մեր հետևից հավաքել մնացորդները, որովհետև իմ մանկության տարիներին Երևանը աղտոտել խայտառակ ամոթալի էր։

Մեր ճամփորդությունները մի քիչ տարբերվող էր, որովհետև հայրս մի սովորություն ուներ’ բացի մեզնից, վերցնում էր բարեկամների ու ազգականների երեխաներին։ Թվով 20 երեխա, երբեմն էլ ավելին’ լցվում էինք հորս ֆուրգոնով մեքենան։ Ֆուրգոնի մեջ իրար վրա նստելու համար մեծ պատերազմներ էինք անում, և ընկնում էինք ճամփա’ բացահայտելու ու ճանաչելու քաղաքից դուրս գտնվող վանքերի ու եկեղեցիները։ Իսկ ճանապարհին ուրախ ու բարձր երգում էինք մորս սովորացրած երգերը, որի մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում “Երևան դարձած իմ Էրեբունի” երգը։

Դրա համար էլ, երբ արդեն մեծացել ենք, այնքան մտերիմ ենք մնացել ազգականների ու բարեկամների երեխաներով’ չէ որ բոլորիս հուշերում մնացել է Մանկական Երկաթուղու թունելում մեծահասակների հետ ֆուտբոլ խաղալը, կտուրներում վազվզելը, շնչակտուր տուն փախնելը մյուս թաղերի էրեխեքի հետ կռվելուց հետո, Օպերայի լճում լողալը, հարևան Խաչիկ պապիկի ղշերին կերակրելը, մոմի լույսի տակ պատին ստվերային թատրոն ցույց տալը, քնելու առաջ իմ հորինած ծիծաղալու պատմություններ լսելը, ծնողների երգելը լսելն ու իրար ծոց’ ոտ ու գլուխ քնելը։ Երբ քնելուց առաջ բոլորով աղոթում էինք, որ հաջորդ օրը գոնե լույս լինի, պատերազմը շուտ վերջանա ու Աստված պապիկը գոնե վաղը համով բան ուղարկի’ կուշտ ուտենք։

Սիրելի երեխաներ’ գնահատել ու սիրեք ձեր մանկության տարիները, մի շտապեք շուտ մեծանալ, որովհետև մանկությունն այլևս հետ չի գալու։ Իսկ մանկությունն ուղղակի հրաշք է’ էն բակի փայտե տնակի պես, որի հետևում մեզ թվում էր, թե հեքիաթ է թաքնված’ թիթեռներ ով ու փերիներով։ Իսկ երբ մեծանում ես իմանում ես, որ փայտե տնակը հարևանի չգործող զուգարանն է, որը թեքվել ու համարյա փլվել է, որովհետև իր հեքիաթին էլ հավատացող չկա։

Թողնել մեկնաբանություն