Կրակի  առասպելը: Վլադիմիր Հուլպաչ

Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վրա,  բայց  չէին  հասնում  Խոր  Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները,  բացառությամբ  թավամազ  արջի,  Արևի  գթությունն  էին  աղերսում։

Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ,  որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում,  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  վրա,  Մեծ  Ջրերի  մեջտեղում  կանգնած  էր  միայնակ  մի  թզենի  և  անտարբեր  երգում  էր  գարնան  երգը՝  ծաղրելով  մոլեգնող  տարերքը։

Այս  բանն  ավելի  կատաղեցրեց  փոթորկին։

―  Քեզ  կսպանե՛մ,―  գոռաց  ամպրոպը  և  հարվածեց  քաջ  թզենու  ուղղակի  սրտին։

Ա՛յ  քեզ  զարմանք,  նույնիսկ  նրա  երգը  չդադարեց։  Թզենու  սրտում  վառվող  կրակը  երգը  փոխանցեց  լճի  ալիքներին,  որոնք  հերթով  փոխանցեցին  ափերին  և  այնտեղից՝  դեպի  հեռուները։

Արդեն  փոթորիկը  ուժասպառվում  էր։  Համարյա  արևածագ  էր,  փոթորիկը  հեռացել  էր  հյուսիս,  իր  ետևում  ավերածություն  թողնելով։  Ամպրոպը  նույնպես  չվել  էր  փոթորկի  հետ,  անընդհատ  ետ  նայելով  շանթահարված  թզենուն։  Թզենին  այլևս  չէր  երգում,  նրա  բունն  ու  ճյուղերը  կրակով  էին  բռնկված,  և  կապույտ  ծխի  մի  սյուն  էր  երկինք  բարձրանում։

Խոր  Հովտում  բնակվող  կենդանիները  շուտով  նկատեցին  այդ  ծուխը։

Անգղը  թռավ  վեր  և  աչքերը  հառեց  ծխի  կողմը։

―  Կրա՜կ,―  գոչեց  նա,―  կրակ  կա  կղզու  վրա։

―  Ի՞նչ  բան  է  այդ  կրակը,  ինչի՞  է  նման,―  հարցրին  մյուս  կենդանիները։

―  Մի  կարմրադեղին  բան  է  և  անընդհատ  երգում  է,  ահա  ամենը,  ինչ  գիտեմ  կրակի  մասին,―  պատասխանեց  անգղը։

―  Կրակը  մեր  բարեկամն  է,―  ասաց  սարդը,―  եթե  կարողանանք  կրակը  բերել,  մեզ  տաք  կպահի։  Ուզո՞ւմ  եք  գնամ  բերեմ։

―  Ի՞նչ․․․  Դո՞ւ,―  ծիծաղեց  բուն  հեգնանքով,―  քո  սրունքներն  այնքան  ծուռտիկ  են,  մի  արջի  քուն  կտևի  մինչև  գնաս  և  վերադառնաոս։  Ես  ինքս  կգնամ։

Բուն  թափահարեց  թևերը  և  շարժվեց  դեպի  կղզին։

Պարզվեց,  որ  կրակ  բերելը  շատ  ավելի  դժվար  էր,  քան  թվում  էր  բուին։  Նա  վերցրեց  շիկացած  կրակի  մի  կտոր  և  ցավից  գոռալով՝  վայր  գցեց  անմիջապես։  Նա  խանձել  էր  իր  փետուրները  և  շատ  ուրախ  կլիներ,  եթե  տուն  վերադառնար  առանց  նոր  փորձանքի։  Երբ  վերադարձավ,  անմխիթար  կերպով  մի  ճյուղի  նստած՝  ջանում  էր  արդարացնել  իրեն։

―  Կրակը  մեր  բարեկամը  չէ,  նա  նույնիսկ  չուզեց  ինձ  հետ  խոսել,  քիչ  էր  մնում  սպաներ  ինձ։

―  Ես  դիմացկուն  մաշկ  ունեմ,―  պարծեցավ  ակնոցավոր  օձը,―  գնամ  տեսնեմ  ինչ  կարող  եմ  անել։

Բայց  նա  էլ  այրվածքներ  ստանալով  իսկույն  ընկրկեց։

―  Կրակը  արտակարգ  ուժ  ունի,―  բացատրեց  նա  մյուսներին,  երբ  վերադարձավ  ձեռնունայն,―  ամբողջովին  այրեց  ինձ։

―  Դուք  ինձ  մոռացե՞լ  եք։  Ես  արտակարգ  ուժ  ունեմ,  և  ո՞վ  գիտե,  գուցե  ինձ  հաջողվի  կրակը  բերել։  Ես  գիտեմ  նրա  հետ  վարվելու  ձևը,―  ասաց  սարդը։

Թեև  ոչ  ոք  չհավատաց,  բայց  ոչ  մեկն  այս  անգամ  չփորձեց  նրան  հեգնել,  բոլորն  էլ  ուզում  էին  տեսնել,  թե  նա  ինչպես  կկատարի  իր  խոստումը։

Սարդը  չշտապեց  գնալ։  Ամենից  առաջ  մի  մեծ  պարկ  ճարեց  և  խնամքով  ծալելով,  կապեց  իր  մեջքին։  Հետո  ճանապարհ  ընկավ։

Նրա  ճանապարհորդությունը  երկար  տևեց։  Սարդի  ծռմռված  սրունքները  դժվարությամբ  էին  հաղթահարում  հանդիպող  խոչընդոտները,  և  երբ  մտավ  ջուրը,  ալիքները  նրան  այս  ու  այն  կողմ  էին  շպրտում,  նա  աշխատում  էր,  որ  իր  մեջքի  բեռը  իրեն  ջրի  հատակը  չքաշի։

Մի  փոքր  հանգստանալուց  հետո  սարդը  վճռական  գործի  անցավ։  Իր  կապոցից  հանելով  մի  երկար  թել՝  կամաց֊-կամաց  փաթաթեց  ամենաշիկացած  կտորին  և  սկսեց  մի  կախարդական  պար  պարել,  որպեսզի  թելը  չբռնկվի։  Երբ  վերջացրեց,  թանկագին  ավարը  դրեց  կապոցի  մեջ  և  վերադարձի  ճամփան  բռնեց։

Բոլոր  կենդանիները  նրան  էին  սպասում։  Նրանք  անհամբեր  հետաքրքրությամբ  շրջապատեցին  սարդին  տեսնելու,  թե  ի՞նչ  է  արել։  Սարդը  թափ  տվեց  կրակը  կապոցից  և  ասաց․

―  Քաջ  թզենին  մի  այնպիսի  բարեկամ  է  ուղարկել,  որ  ամենադաժան  ցրտին  էլ  մեզ  կտաքացնի,  բայց  մենք  պետք  է  խնամենք  նրան  և  կերակրենք,  այլապես  կսառչի։

―  Հուսով  եմ,  որ  շատ  չի  ուտի,―  ասաց  արջամուկը,  վախենալով,  որ  իր  բաժնի  կեսը  կրակին  կտան։

―  Մի  անհանգստացիր,  կրակը  միայն  չոր  փայտ  է  ուտում,―  հանգստացրեց  նրան  սարդը։

―  Օհո՜,  բայց  քիչ  առաջ  փոթորիկ  էր,  և  ամբողջ  փայտը  թրջված  է։

―  Ես  նրան  կտամ  իմ  կեղևը,  որ  թաց  էլ  է  վառվում,―  ասաց  սոճին՝  պոկելով  կեղևի  մի  մեծ,  սպիտակ  կտոր։

Սկյուռը  պոկեց  մի  մեծ  շերտ  և  մոտեցրեց  կրակին։  Դեղնակարմիր  ծուխ  բարձրացավ․  սկսեց  վառվել։

Այն  ժամանակվանից  կրակը  երբեք  չի  հանգել։  Ցերեկները  սկյուռը  պահում  էր  կրակը,  իսկ  երեկոյան  բոլորը  հավաքվում  էին  նրա  շուրջը  և  երգում  մի  երգ,  որին,  եթե  ուշադրությամբ  ականջ  դնեք,  կտեսնեք,  որ  մասնակցում  է  նաև  կրակը․
Երբ  որ  կրակն  է  բոցկլտում  պայծառ,
Մենք  սիրով  նրա  շուրջն  ենք  հավաքվում,
Լսում  տերևների  երգը  անդադար․
Մեր  բարեկամն  է  կրակը  կյանքում։

Առաջադրանք:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Համեմատաբար անկախ երկու մասի բաժանե՛ք հեքիաթը։ Հիմնավորե՛ք առաջին մասի անհրաժեշտությունը հեքիաթում։

բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք՝  Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Կրակի ջերմության կարիք ոչ ոք չուներ։
  • Թզենին սիրում էր ծաղրել և ընդամենը ծիծաղում էր փոթորկի վրա։
  • Փոթորիկն ու ամպրոպը հաղթեցին թզենուն՝ շանթահարելով նրան։
  • Իմաստնությունը մարմնի մեծության հետ չի կապվում։
  • Թզենին անվախ էր և ուժեղ, անտարբեր էր սպառնալիքների հանդեպ։
  • Փոթորիկն ու ամպրոպը պարտվեցին։
  • Միայն ամպրոպ-փոթորկի ժամանակ գարնան երգը հնչեցնողը կարող էր կրակ նվիրել։
  • Կենդանիների համար միևնույնն էր՝ կրակ կա՞, թե՞ չկա։
  • Թզենին անշրջահայաց էր․ իզուր զոհվեց հրկիզվելով։

Ապրիլ ամսվա հայոց լեզվի և գրականության ամփոփում

Հայոց լեզու

Գործնական աշխատանք 03,04

Հայոց լեզու 07,04

Հայոց լեզու 09,04

Հայոց լեցու 10,04

Գործնական քերականություն 14,04

Հայոց լեզու 17,04

Գորշնական աշխատանք 20,04

Գործնական աշխատանք 21,04

Մակբայ 26,04

Մակբայ, գործնական աշխատանք 28,04

Գրականություն

Վիլիամ Սարոյան, Դավադրություն 05,04

Շառլ Ազնավուր: Ես արտահայտել եմ իմ բոլոր զգացումները, սպառել բոլոր բառերը… 09.04

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները 17.04

Կարդում ենք Մեծարենց 22,04

Վահան Թոթվորենց, Մարանը 24,04

Վահան Թոթվորենց, Ներման աղոտքը 26,04

Վահան Թոթովենց, Ներման աղոթքը 26.04

Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։

Գիշեր ու ցերեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։

— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։

Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր…

Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն…

Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես կամաց-կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։

— Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։

— Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։

Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ.

— Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։

Չէի հասկնար հիմիկվան պես Եվայի պատմության նշանակությունը։

Ճրագալույծ գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։

— Քրիստոս հարյավ ի մեռելոց…— իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։

Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։

Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։

Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։

Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Տրտում, շատ տրտում էի․․․

Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ աղվորիկ, լեզու չունեցող ձագը։ Նստեցուցի խոտերուն վրա, գրպանես հանեցի երկու խնձորները և ցուցուցի իրեն։

Ցատկեց և ուզեց խլել ձեռքես։

Անմիջապես մեկը գրպանս դրի և մյուսը մոտեցուցի շրթունքներուն։

Զարուն խածնելու եղավ թե չէ՝ ես համբուրեցի զինքը։ Ձեռքես չհանեցի խնձորը, ամեն մեկ խածին համբուրեցի Զարուն։ Երբ հատնելու եղավ՝ իր քնքուշ թևը երկարեց վզիս, մյուս ձեռքով ալ կամացուկ մեկալ խնձորը հանեց գրպանես։ Ես չգիտնալու տվի։ Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը… խարտյաշ մազերը։

Խնձորը առնելեն ետք… փախավ…

Ներս գացի։ Մայրս խոժոռ դեմքով մոտեցավ ինձ.

— Ա՛չքդ նայիմ,— ըսավ։

Մայրս կրնար աչքերնես մեր հանցանքը գիտնալ։ Այն տարիքին կը զարմանայի, թե ինչպես մայրս կրնար մեր մեղքերը գուշակել՝ միայն աչքերնուս մեջ նայելով։ Հիմա կը հասկնամ թե՝ երբ հանցանք ունենայինք, աչքերնիս չէինք բանար․ ա՛յդ էր մորս մոգական արվեստին գաղտնիքը։

Չբացի աչքերս ոչ թե խնձորի գողության համար, այլ Զարուն համբուրելուս վախեն։

— Եկո՛ւր ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ,— հարեց մայրս։

Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի.

«Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։

Սկսա լալ, հեկեկալով լալ… Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ.

— Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար,— ըսավ,— Աստված կը ներե գողությունդ։

Առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Ինչպիսի՞ն է հերոսի վերաբերմունքը իր մոր նկատմամբ:

Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր
3.Վերնագրի՛ր հատվածները:
4.Դո՛ւրս գրիր Զարուին նկարագրող տողերը:
5. Հատվածը դարձրու արևելահայերեն:
Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայ րս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։
Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։
Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Կարդում ենք Մեծարենց 22.04

Նպատակը
Արևմտահայերեն ընթերցումներ
Ծանոթացում Մեծարենցի  ստեղծագործություններին, ընթերցումներ, քննարկումներ
Ստեղծագործական աշխատանքի իրականացում
Մեդիանյութերի ստեղծում
Բովանդակությունը
Կենսագրական տեղեկություններ
Միսաք Մեծարենցի մասին
Ստեղծագործությունները
Մեծարենցը երաժշտության մեջ

Ընթացիկ աշխատանքներ
Ընթերցել տրված բանաստեղծությունները, պատրաստել աուդիոնյութեր և տեսանյութեր:
Ընտրությամբ որևէ բանաստեղծություն դարձնել արևելահայերեն:

Աքասիաներու շուքին տակ

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ’իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սադափէ։

Աքասիաներ, գինով լույսէ ու տապէ,
Օրօրվելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձյունէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։

Ու լույսն անոնց, անխօս հուրի՛ դիութական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ’իջնէ գուռին մէջ կաթէ։

Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լույսէ արցունքը մանկան,
Նըվագն անոր կը հեծեծէ հեշտական։

Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ․․․։

Անանուն

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։

Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե…։

Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:

Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե…։


Վայրկեան

Թոյլ շրշիւն մը, յետոյ բոյր մը մշկենի։
եւ յամրագին գիրքը ձեռքէս կ’իյնայ վար.
երազներու պերճուհին է որ կ’անցնի,
ու կը փոթի ծովակն հոգւոյս մեղմավար։

Ու կը փոթի ծովակն հոգւոյս մեղմավար։
եւ ալիք մը թեւը բացած կը վազէ
գրկել ափունքն իղձիս ոսկի աւազէ։

Ո՜վ քաղցրութիւնը նայուածքին իր ծաղիկ.
ո՜վ պերճութիւնը գընացքին իր հպարտ.
ճամբուն վըրայ՝ իր քայլերուն հետքը վարդ՝
ուր հեշտօրէն կը յածի դեռ իմ մենիկ

սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մէջ անհետ…։

Կարդում ենք Անդերսեն 21.04

Հեքիաթագիր Անդերսենի կյանքը նման է եղել նրա «Անճոռնի բադիկը» հեքիաթին: Հիշո՞ւմ ես՝ ինչպե՜ս էին բոլորը նեղացնում, ծաղրում ու արհամարհում խեղճ ճուտիկին միայն այն բանի համար, որ նա նման չէ իրենց: Իսկ երբ բադիկը մեծացավ, դարձավ ամենագեղեցիկ թռչունը: Պատկերացնո՞ւմ ես, այդպես է եղել նաև Անդերսենի կյանքում:  

Անդերսենը յուրահատուկ երեխա էր: Նա համարյա չէր խաղում հասակակիցների հետ, միշտ առանձնացած էր՝ տարված իր մտքերով: Նրա խաղերն ուրիշ էին: Նա սիրում էր տիկնիկային ներկայացումներ բեմադրել, պատմություններ էր հորինում ու անվերջ երազում: Շրջապատի տղաները չէին սիրում Անդերսենին, ծաղրում էին ու վիրավորում, ճիշտ և ճիշտ անճոռնի բադիկի պես: Պատրաստ էին հարձակվել ու մի լավ ծեծ տալ նրան միայն այն բանի համար, որ նա տարբերվում է իրենցից:

Բովանդակությունը
:

Կենսագրական տեղեկություններ Անդերսենի մասին
Արծաթե դրամը
Երեխայական խոսակցություններ
Հին տունը
Թագավորի նոր զգեստը